Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դուք լռեք, մենք կհասկանանք»

«Դուք լռեք, մենք կհասկանանք»
19.09.2016 | 14:15

Մեծ էկրանին է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կորյուն Մայիլի «3+2 կգ» քրեական կատակերգությունը: Ֆիլմի կոմպոզիտորը Արթուր Թադևոսյանն է (Գերմանիա), նկարիչը` Աշոտ Թադևոսյանը: Դերերում` սիրված դերասաններ Արման Նավասարդյանը, Աննա Մարտիրոսյանը, Արման Գևորգյանը, Մխիթար Ավետիսյանը, Արա Սարգսյանը, Արթուր Հակոբյանը և այլք:


«3+2 կգ»-ը թեև ակամա զուգորդվում է, սակայն ոչ մի կապ չունի «3+2» հայտնի կատակերգության հետ: Ֆիլմը երեք ընկերների մասին է, որ ակամա հայտնվում են ծուղակում ու ստիպված են լինում 2 կգ թմրանյութ վաճառել: Ընկերները անդավաճան են, ոստիկանները` բարի ու շրջահայաց: Քրեական պատմությունը դրական ավարտ է ունենում: Զուգահեռ ընթացող սիրային պատմությունը նույնպես ցանկալի հանգուցալուծում է ստանում:
«3+2 կգ»-ը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար, որովհետև քրեական ժանրի է, սակայն ռեժիսորը վստահեցրեց, որ այն կարող են դիտել ընտանիքով: Ավելին` «3+2 կգ»-ը երիտասարդներին քրեածին խաղերից հեռու մնալու կոչ է անում:
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Հանդիսատեսի պակաս գոնե առաջնախաղի օրը չկար, այդ թվում` պոպ-կորնի և կինոյի սիրահար մանկահասակ հանդիսատեսի. շատերը ընտանիքով էին եկել դիտելու հայկական նոր կատակերգությունը:
Լրագրողների հետ հանդիպմանը դերասան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ կեսկատակ-կեսլուրջ հորդորեց` չհավանելու դեպքում չքարկոծել իրենց: «Դուք լռեք, մենք կհասկանանք»,- ասաց:


«Երբ ենք, ի վերջո, ունենալու կատակերգություն, որ կարելի է դիտել երկար տարիներ, որը կգրավի և՛ մեր, և՛ դրսի հանդիսատեսին» հարցը Արման Նավասարդյանին հղեցինք մինչ ֆիլմի դիտումը: Դերասանը համամիտ էր, որ շատ այսրոպեական են մեր կատակերգությունները: Մի քայլ առաջ անցնելու համար, նրա կարծիքով, պետք է կրթվել. «Կոմեդիան կարող է մատուցել այն մարդը, որ տեղեկացված է, կրթված, գրագետ, ով պաշար ունի: Ոչ միայն մատուցումը, այլև գրական հենքը պետք է այդպիսին լինեն: Պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանի, Հրաչյա Քոչարի և այլ հեղինակությունների գրական գործերի հիման վրա նկարահանած ֆիլմերն այդքան երկար են ապրում»: Զրուցակիցս թվարկեց այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են լավ ֆիլմ ունենալու համար` գրական հենք, ճաշակ, մատուցման ձև և փոքրիշատե մարդավարի կատարում` առանց ծամածռությունների: Երբ փորձեցի ճշտել նրա կարծիքը էկրան բարձրացող ֆիլմի մասին, ասաց, որ դեռ չի դիտել: Կերպարը, որին մարմնավորում է ֆիլմում, դերասանը շատ է հավանել:

Դերը գրվել է հենց իր համար. «Ավելորդ դերասանություն չեմ արել` բառիս կոնկրետ իմաստով: Ինձ նման էր շատ. արտահայտչամիջոցները, պահելաձևը, ընկերների հանդեպ ունեցած վերաբերմունքը: Մեծ բավականությամբ եմ խաղացել ֆիլմում: Կարծում եմ` բոլորն էլ: Եթե մի բանը սիրով ես անում, չի կարող պտուղը տգեղ լինել»:


Հավելենք, որ «3+2 կգ» ֆիլմը նախատեսվում է ցուցադրել ՀՀ մարզերում, Արցախում և սփյուռքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ